Եվրոպական ու համայն ֆուտբոլային աշխարհի թիվ մեկ դիմակայությունում «Բարսելոնը» չկարողացավ հալեցնել «Ռեալից» բաժանող վեց միավորի տարբերությունը, և դրա գլխավոր «մեղավորը» Սերխիո Ռամոսի փրկարար գլուխն էր. ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև «Աթլետիկո»-«Էսպանյոլ» մրցավեճում, «Մանչեստր Սիթի»-«Չելսի» դիմակայությունում Անտոնիո Կոնտեն գերազանցեց Խոսեպ Գվարդիոլային, խոշոր անակնկալ մատուցեց «Բոռնմուտը»՝ «Լիվերպուլի» հետ մրցակցությունում ոչ միայն փրկելով անհույս տանուլ տված հանդիպումը, այլև պարտությունը վերածելով հաղթանակի, «Լայպցիգին» չափից շատ է դուր եկել բունդեսլիգայի առաջատարի դերը, գերմանական «Բորուսիաների» մրցավեճում դորտմունդցիները «անկյուն» ցույց տվեցին գլադբախցիներին, «Պարի Սեն Ժերմենը» երեք միավոր կորցրեց «Մոնպելիեի» հետ խաղում՝ կրկին նահանջելով առաջատար եռյակի հատակ: ՈՒշագրավ էլի շատ բաներ եղան հանգստյան այս օրերի եվրոպական ֆուտբոլում, սակայն, մարզական արդյունքից զատ, բոլոր ակումբներին միավորողը, հարկավ, բրազիլական «Շապեկոենսիեին» պատուհասած աղետն էր, նրան հիշատակի ու հարգանքի տուրքի մատուցումը:
ԻՍՊԱՆԻԱ
Տասնչորսերորդ տուրի հանդիպումները ոչ մի փոփոխություն չբերեցին լա լիգայի առաջին եռյակը կազմածների դասավորությունում, սակայն դա չի նշանակում, թե մրցակցությունները շարքայիններից էին: Հենց միայն «Բարսելոն»-«Ռեալ» դիմակայության սպասումը բավարար էր, որ ֆուտբոլային աշխարհը խելահեղության աստիճանի փոթորկվեր: Հաշվի առումով հանդիպումը խաղաղ ավարտ է ունեցել, ինչը, սակայն, հեռավոր իսկ պատկերացում չի տալիս «Նոու Կամպում» կրքերի շիկացման մասին: Խաղավարտին տուգանայինից Ռամոսը գլխի հարվածով վերականգնել է հաշվի հավասարությունը, իսկ թե ինչո՞ւ է «Բարսելոնը» դաշտը լքել ընդամենը մեկ միավորով, դա արդեն չիրացրած հնարավորությունների մասին է վկայում, ինչի հետևանքների վերաբերյալ պակաս դառը դատողություններ չէ, որ պիտի անի և «Մանչեստր Սիթին»՝ մասնավորապես, ի դեմս Ագուերոյի: Սույնը, ի դեպ, հավասարապես վերաբերում է և «Էպանյոլի» հետ սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղացած «Աթլետիկոյին» ու «Գրանադային» զիջած «Սևիլիային» (1։2):
Ինչևէ: 34 միավորով ու վեց նիշի պոկվածությամբ առաջին տեղում է Մադրիդի «Ռեալը», երրորդում «Բարսելոնից» մեկ միավոր պակաս վաստակած «Սևիլիան» է:
ԱՆԳԼԻԱ
Տուրի թիվ մեկ խաղը, բնականաբար, «Մանչեստր Սիթի»-«Չելսի» դիմակայությունն էր, ու դա ոչ միայն պայմանավորված էր մրցաշարային աղյուսակում ունեցած նրանց դիրքով: Երկու ակումբներն էլ գլխավորում են խարիզմատիկ մարզիչներ, երկուսն էլ համաշխարհային ֆուտբոլում իրենց հաստատած մասնագետներ են, երկուսն էլ պրեմիեր լիգայի համար նոր դեմքեր են, ու հետաքրքիր էր, թե ում ճշմարտությունն էր քննություն բռնելու: Առաջ անցնելով ասենք, որ սա բացառիկ սուր, բացառիկ գեղեցիկ, բացառիկ բովանդակային մրցակցություն էր: Երկրորդ խաղն անընդմեջ առաջինը գոլ բաց թողնելով՝ «Չելսին» կարողացավ հանդիպման ելքը բեկել իր կողմը, իսկ ընդհանուր առմամբ սա նրա ութերորդ անընդմեջ հաղթանակն էր:
Խոշոր հաշվով, այս խաղը վերստին հաստատեց այն պարզ ճշմարտությունը, որ ֆուտբոլում (բնականաբար՝ հավասարազոր մրցակիցների պարագայում) շատ բան կախված է ոչ միայն մարզչական շտաբի որոշումներից, այլև նրանից, թե Նիկեն ում նկատմամբ է այդ օրն ավելի բարեհամբույր տրամադրված: Իսկ այն, որ «քաղաքաբնակները» խաղն ավարտեցին ինը ֆուտբոլիստով, դա արդյունքի վրա ոչնչով չազդող գործոն էր, քանզի, մինչ մանչեստրսիթյան այդ բռնկումները, լուսատախտակին արդեն իսկ 1:3 հաշիվն էր:
Ինչ վերաբերում է մանչեստրյան մյուս ակումբին՝ «Յունայթեդին», Մոուրինյոյի սաները հավատարիմ մնացին վերջին երկու տուրի մրցելույթների ոգուն ու արտագնայում «Էվերտոնի» հետ հանդիպումն ավարտեցին իրենց համար ավանդական դարձած 1:1 հաշվով: Ի դեպ, հյուրերի դարպասին գոլ «բերածը» խաղավարտին իր լավագույն խաղացողներից մեկին (սա միջազգային լրատվամիջոցների տված գնահատականն է- Մ.Հ.)` Հենրիխ Մխիթարյանին, փոխարինած Ֆելաինին էր: Նույնքան ի դեպ՝ «Էվերտոնի» երբեմնի կիսապաշտպանը: Մենք սույնով ոչինչ չենք ակնարկում, պարզապես փաստն ենք արձանագրում:
Տուրում խոշոր հաշվով հաղթանակներ են տոնել «Արսենալն» ու «Տոտենհեմը»: Առաջինի զոհն է եղել «Վեստ Հեմը» (1:5), երկրորդինը՝ «Սուոնսին» (5:0): Սակայն աղյուսակի վերջնական տեսքի առումով շատ բան էր կախված «Բոռնմուտ»-«Լիվերպուլ» դիմակայության ելքից: Հանդիպումը հյուրերի համար ավելի քան հաջող ընթացք ուներ (առաջին խաղակեսից հետո «Լիվերպուլը» հաղթում էր 2:0 հաշվով), ու ոչինչ աղետի մասին չէր գուժում: Սակայն ի՞նչ կարող ես անել, երբ, ունենալով նման շոշափելի առավելություն, մերսիսայդցիները հաջողեցրին խաղի երկրորդ կեսը տանուլ տալ 1։4 հաշվով:
Սա, անշուշտ, «Բոռնմուտի» անվիճելի հաղթանակն էր ու, անտարակույս, սառը ցնցուղ «Լիվերպուլի» համար, որը առաջնության մեդալների խաղարկմանը մասնակցելու լուրջ հայտ է ներկայացրել, և լավ է, որ դա տեղի է ունենում գոնե մրցաշրջանի միջնամասում: Կասկած չկա, որ Յուրգեն Կլոպն իր ներսում բնակվող սատանաներին (այս մասին նա ժամանակին անկեղծորեն խոստովանել է իր ֆուտբոլիստներին) թիմին գզելու հրահանգ կտա, ու, խոստովանենք, որ դրա բոլոր օրինական հիմքերն ունի:
«Չելսին» 34 միավորով աղյուսակի գլխամասում է, 31 միավորով նրան հաջորդում է «Արսենալը», իսկ «Լիվերպուլը», «Մանչեստր Սիթիի» պես, մնաց 30 միավորով ու աղյուսակում «քաղաքաբնակներից» առաջ է լոկ ի հաշիվ լրացուցիչ գործակիցների:
ԳԵՐՄԱՆԻԱ
Վերջին խաղերում տարօրինակորեն թույլ գործող «Բավարիան» «Մայնցի» հետ խաղում հավակնում էր հերթական անակնկալի հեղինակը դառնալու, սակայն տանտերերի բավական արագ գոլին կարողացավ ոչ միայն օպերատիվորեն արձագանքել, այլև հանգստի գնալ հաշվի մեջ առաջ անցած: Մյունխենցիները երկրորդում էլ կարողացան գոլ հեղինակել ու երեք միավոր տանել անհաշտ մրցակցի հարկից՝ 3:1: Լևանդովսկին դարձել է բավարացիների թե՛ առաջին, թե՛ երրորդ գոլերի հեղինակը:
«Վոլֆսբուրգի» հետ խաղում պարզապես ֆանտաստիկ էր «Հերտան», որը ոչ միայն երկու անգամ վերականգնեց հաշվի հավասարությունը, այլև մեկի փոխարեն երեք միավոր պոկեց տանտերերից՝ 3։2:
Դորտմունդցիների ու մյոնխենգլադբախցիների մրցավեճում առաջինները միանշանակ ուժեղ էին՝ 4:1: Ինչ վերաբերում է «Լայպցիգին», այս անգամ նրա հերթական զոհը «Շալկեն» էր՝ 2:1: Հիրավի գերազանց խաղ է ցուցադրում գերմանական նոր «նախագիծը»՝ 13 խաղում 10 հաղթանակ, երեք ոչ-ոքի (ցարդ պարտության դառնությունը չի ճաշակել նաև տուրում 4:0 հաշվով «Քյոլնին» պարտության մատնած ու 25 միավորով չորրորդ հորիզոնականում հանգրվանած «Հոֆենհայմը»):
«Լայպցիգը» 33 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բավարիան» հետ է երեք միավորով, նույնքան միավորով էլ վերջինիցս հետ է «Հերտան»:
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի առաջատար եռյակը տուրն անցավ առանց բարդությունների: «Յուվենտուսը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Ատալանտայի» (3:1), «Ռոման»՝ «Լացիոյի» նկատմամբ (2։0): Համեմատաբար փոքր-ինչ բարդ եղավ «Միլանի» համար, սակայն խաղավարտին «Կրոտոնեն», այնուամենայնիվ, գոլ «կերավ»՝ միլանցիներին հնարավորություն տալով միավորներով (32) հետ չմնալու «Ռոմայից»: «Յուվենտուսի» անվան դիմաց գրանցված է 36 միավոր:
Առաջատար եռյակը կազմածների հանդիպումների կողքին չմոռանանք նաև ոչ միայն իտալական չափորոշիչներով առանձնացող «Նապոլի»-«Ինտեր» դիմակայությունը: Խաղասկզբից դեռ նոր էր հինգ րոպե անցել, տանտերերն արդեն հաղթում էին 2:0 հաշվով: Նման մեկնարկից հետո հավատալ, թե հյուրերն ինչ-որ բան արմատապես փոխելու ունակություն կդրսևորեին, դժվար պատկերացնելիի շարքից էր: Խաղի հետագա ընթացքը ցույց տվեց, որ «Նապոլին» իր շանսը բաց թողնողը չէ: «Ինտերը» չկարողացավ անգամ դեմք փրկող գոլը խփել՝ փոխարենը մրցակցին թույլ տալով ևս մեկ անգամ գրավել դարպասը:
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում իր անկանոն ելույթներով արդեն սկսել է չզարմացնել երկրի գործող չեմպիոնը: Նախորդ տուրում «Անժին» հաղթելուց հետո երկրորդ հորիզոնական բարձրացած «Պարի Սեն Ժերմենն» արտագնայում 0։3 հաշվով պարտություն կրեց «Մոնպելիեից» ու 35 միավորով դարձյալ նահանջեց երրորդ հորիզոնական, քանի որ նախօրեին եռյակի իր մյուս գործընկերը՝ «Մոնակոն», սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել էր «Բաստիային» ու մեկ միավորով շրջանցել մայրաքաղաքցիներին: «Մոնակոյի» այս հաղթանակը նրան կարող էր արժենալ նաև առաջին հորիզոնական, եթե «Նիցցան» սեփական հարկի տակ «Թուլուզի» հետ մրցակցությունում պարտվող կողմ դառնար: Սակայն հարավցիներն աշխարհագրական իրենց հարևաններին այդ հաճույքը չպատճառեցին, ավելին, հաղթեցին 3:0 խոշոր հաշվով ու 39 միավորով շարունակում են վստահորեն գլխավորել դիվիզիոնը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ